ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Ռազմական հանցագործության «աղվանականացման» սրբագրումը

Ռազմական հանցագործության «աղվանականացման» սրբագրումը
13.10.2025 | 11:51

Բաքվում հոկտեմբերի 9-ին անցկացվել է «Անհետ կորած անձանց հարցի լուծման համար ջանքերի համատեղում և համագործակցության ընդլայնում» խորագրով միջազգային համաժողով։ Այնուհետև կազմակերպվել է կոնֆերանսի մասնակիցների շրջայցը Արցախի տարբեր շրջաններ, այդ թվում՝ բռնազավթած Շուշի։

Մասնակիցները շրջել են քաղաքում, եղել են նաև Բաքվի կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում հրթիռակոծված Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում։

Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հրապարակված հայկական եկեղեցու լուսանկարներից պարզ է դառնում, որ Բաքուն կարծես թե ավարտել է այստեղ իրականացվող վերանորոգման կամայական աշխատանքները, քանի որ շինաշխատանքների հետքեր չեն երևում: Ըստ հրապարակված լուսանկարների՝ եկեղեցու գմբեթի խաչը բացակայում է։

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 8-ին, եկեղեցին երկու անգամ թիրախային հրթիռակոծության էր ենթարկվել ադրբեջանական զինված ուժերի կողմից։

Միջազգային Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց էր հրապարակել Սուրբ Ամենափրկիչի հրթիռակոծության մասին՝ այն որակելով որպես «հնարավոր պատերազմական հանցագործություն»։

«Եկեղեցուն հասցված երկու հարվածները (2-րդի ժամանակ տեղում եղել են լրագրողներ ու քաղաքացիական անձինք) թվում են կանխամտածված։ Այդ հարվածները պետք է անաչառ հետաքննվեն, իսկ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-ասել է «HRW»-ի Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլիամսոնը։

Պատերազմից հետո Բաքուն հայտարարել էր, թե սկսել է եկեղեցու «ռեստավրացիան», որն իրականացվում էր կամայական ու տարօրինակ կերպով՝ առանց հայկական կողմի և միջազգային որևէ կառույցի համաձայնության ու ներգրավվածության։

Ավելին՝ ադրբեջանցի պաշտոնյաները եկեղեցին ներկայացնում էին որպես «աղվանական» ու բացահայտ հայտարարում Արցախի տարածքներում հայկական կրոնական ժառանգությունն ավերելու ու ինքնությունը փոխելու մասին։

Դեռևս 2022 թվականի փետրվարին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել էր, որ «Ալբանիայի (Աղվանք) պատմության ու ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ է ստեղծվել», իբր «ալբանական կրոնական տաճարներից հայերի գրած կեղծ հետքերը վերացնելու համար»։

«Մենք դիտարկել ենք այդ վայրերն աշխատանքային խմբի անդամների հետ, ստուգումից հետո կորոշենք մեր հաջորդ քայլերը։ Այդ վայրերը դեռ լիովին անվտանգ չեն։ Տարածքների ականազերծումից հետո մենք տեղական ու միջազգային փորձագետներին կտանենք այնտեղ, կփաստագրենք հայկական կեղծիքն ու փոփոխությունները և կներկայացնենք միջազգային հանրությանը»,-ասել էր Քերիմովը։

Իր հերթին՝ Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ն դատապարտել էր Քերիմովի հայտարարությունն ու «Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հայկական կրոնական ու պատմամշակութային կոթողներն ավերելու և ինքնությունը փոխելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծումը»։ «Հարևան ժողովրդի պատմամշակութային ժառանգությունը միտումնավոր ու ապօրինի յուրացնելու և նրան պատմական հիշողությունից զրկելու նպատակով պետական մակարդակով նման կառույցի ստեղծումն աննախադեպ է անգամ հակամարտությունների պատմության համար: Այն ևս մեկ անգամ վկայում է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում և հաջորդած ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության նկատմամբ վանդալիզմի և ոչնչացման դեպքերը կրում են միտումնավոր ու ծրագրված բնույթ, և Լեռնային Ղարաբաղն իր բնիկ հայ բնակչությունից զրկելու քաղաքականության մաս են կազմում»,-ասվել էր ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունում։

Բաքվի կողմից կազմակերպված միջազգային համաժողովը, ինչպես նաև՝ դրա շրջանակում իրականացված շրջայցն Արցախի բռնազավթված տարածքներ, մասնավորապես՝ Շուշի քաղաք, վկայում են Ադրբեջանի կողմից մշակված քաղաքական ռազմավարության մասին՝ ուղղված Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության վերաձևմանն ու ժխտմանը։ Պատմության և մշակույթի քաղաքական շահարկմամբ Ադրբեջանի պաշտոնական հայտարարությունները՝ եկեղեցին «աղվանական» ներկայացնելու և «հայկական կեղծ հետքերը» վերացնելու մասին, ոչ միայն խախտում են միջազգային իրավունքի նորմերը, այլև նպատակ ունեն ջնջել հայկական ինքնության հետքերն Արցախում։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ

Հ․Գ․

Լուսանկարներում՝

1․ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին 2010-ական թվականներ

2․ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին 2025 թվականին «աղվանականացվելուց» հետո

Դիտվել է՝ 249

Մեկնաբանություններ